Շիրակի մարզային վարչության ծառայողները քիչ առաջ ձերբակալվել են երկու անձի՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, Armenia Today-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը
Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ այդ անձանցից մեկը Գյումրու նախկին քաղաքապետ, ներկայում անկուսակցական Վարդան Ղուկասյանն է։
Միաժամանակ, Ղուկասյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տարածվել է հայտարարություն նրա ձերբակալման մասին։
«Հայտնում ենք, որ քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը»,- նշված է էջում։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ձերբակալությունը կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրահանգով է կատարվել։
«Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը»,- նշվում է հաղորդագրությունում։
Ղուկասյանի թիմակիցները գյումրեցիներին կոչ են արել ինքնաբուխ կերպով հավաքվել մարզային վարչության շենքի մուտքի մոտ։
Փետրվարի 11-ին պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը հայտարարել էր Գյումրու քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու իր որոշման մասին։ Փետրվարի 12-ին «Պատիվ ունեմ» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն իր թեկնածությունն էր առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում։ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մասին հայտնել էին նաև նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և գործարար Կարեն Սիմոնյանը։
2024 թվականի նոյեմբերի 26-ին վարչապետը հայտարարել էր Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուին որոշելու համար նախնական ընտրություն անցկացնելու մասին։ Դեկտեմբերի 13-ին Փաշինյանը Սարիկ Մինասյանին Գյումրու ղեկավարի պաշտոնակատար էր նշանակել։ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը 2024 թվականի հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։