Երևանի քաղաքապետարանն ընդլայնել է տրանսպորտային արտոնություններից օգտվող քաղաքացիների շրջանակը։ Համապատասխան որոշումը 33 կողմ, 0 դեմ և 17 ձեռնպահ ձայներով ընդունվել է ավագանու նիստում։
Երևանում հաշվառում չունեցող թոշակառուներն ու անապահովության նպաստառուները մարտի 1-ից կօգտվեն տրանսպորտային համապատասխան արտոնություններից, հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Ըստ տրանսպորտային համակարգի նախագծում առաջարկվող փոփոխությունների՝ արտոնյալ պայմաններով տոմսեր կտրամադրվեն նաև 4 և ավել անչափահաս երեխա ունեցող Երևանի հաշվառմամբ քաղաքացիներին՝ անկախ երեխաների տարիքից։ Ըստ Գրիգորյանի՝ հաշմանդամություն ունեցող երեխաները նույնպես կերթևեկեն անվճար։
Գրիգորյանը նշել է, որ տոմսերի տևողության առումով նույնպես որոշակի փոփոխություններ են նախատեսվում։
«Նախատեսվում է 1 օր և 7 օր տոմսերի ուղևորությունների սահմանափակումը վերացնել և դրանք դարձնել անսահմանափակ, ինչպես նաև 90 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից երկարացնել և դարձնել 180 րոպե»,- ասել է փոխքաղաքապետը։
Բացի այդ, 10 ուղևորության համար նախատեսված տոմսի վավերականության ժամկետը 30 օրվա փոխարեն կդառնա 45 օր, որպեսզի քաղաքացիները հասցնեն բոլոր 10 ուղևորություններից օգտվել։ Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի ավագանու կողմից հաստատվելու հաջորդ օրը։
2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը, որն սկսել էր գործել 2025 թվականի հունվարի 1-ից և նախատեսում էր տրանսպորտի թանկացում։
2024 թվականի դեկտեմբերի 20-ին քաղաքապետարանը հետաձգել էր համակարգի ներդրումը մինչև փետրվարի 1-ը։ Հունվարի 19-ին Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը երևանցիներին կոչ էին արել բոյկոտել սակագինը բարձրացնելու իշխանությունների ծրագրերը և ստորագրահավաքներ նախաձեռնել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։ Մարությանի թիմը հայտնել էր 76 հազար ստորագրություն հավաքելու մասին և կոչ արել փետրվարի 1-ից, ի նշան բողոքի, հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում վճարել 100 դրամ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 28-ին հայտարարել էր, որ քաղաքապետարանը որոշել է փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտով մեկ ուղևորության համար նոր սակագին սահմանել՝ 150 դրամ։ Ի պատասխան՝ Մարությանը կոչ էր արել փետրվարի 1-ից չչեղարկել բոյկոտը։ Թևանյանը տրանսպորտի գնի վերաբերյալ իշխանության քաղաքականությունը «թուրքական բազար» էր որակել և կոչ արել շարունակել ճնշումը։