Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը և ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կոչ են արել փետրվարի 1-ից բոյկոտել մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը բարձրացնելու իշխանությունների ծրագրերը։
«Այս օրերի ընթացքում հանդիպել ենք հազարավոր մարդկանց, և ժողովուրդը որոշում է կայացրել՝ բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը։ Մեր համաքաղաքացիների հետ միասին որոշել ենք նաև բոյկոտի ձևը»,- հայտարարել է Մարությանը
Նա մանրամասնել է, որ այն քաղաքացիները, ովքեր կմիանան բոյկոտին, նոր սակագների հարցում իրենց անհամաձայնությունը պետք է արտահայտեն վճարելով մինչև գների փոփոխությունը սահմանված 100 դրամ ուղեվարձ։ Մարությանը նաև կոչ է արել ոչ մի դեպքում վեճի մեջ չմտնել վարորդի հետ։
Իր հերթին՝ Թևանյանը կոչ է արել մինչև փետրվարի 1-ը օգտվել 100 կամ 50 դրամանոց միանվագ տոմսից և չգնել քաղաքային իշխանությունների առաջարկած սակագնային փաթեթները։ Նա կոչ է արել փետրվարի 1-ից հետո մի քանի օրով դադարեցնել տրանսպորտի օգտագործումը կամ չվճարել ճանապարհածախսը։ Թևանյանի խոսքով՝ բոյկոտը ենթադրելու է նաև փողոցային ակցիաներ։
2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Երևանի քաղաքապետը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։ Սակագներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 2-ից։
Նոյեմբերի 3-ին Մարությանը հայտարարել էր հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու մասին։ Նոյեմբերի 19-ին Երևանի ավագանին ընդունել էր տրանսպորտի սակագների արտոնությունների փաթեթը, ըստ որի տրանսպորտից օգտվող առանձին խմբերի համար կգործեն այլ սակագներ, առանձին խմբեր տրանսպորտից անվճար կօգտվեն։
Հունվարի 15-ին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտնել էր, որ Մարությանը 76 հազար ստորագրություն է հավաքել ընդդեմ հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման։