ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ հարուցված գործը համաներման հիմքով կարճվել է։ Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Մհեր Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պետական միջոցները սեփական ընտանիքի շահերին ծառայեցնելու և այդ ուղղությամբ սեփական միջոցներից լրացուցիչ ծախս չկատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդ Ս. Ա.-ին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդը ծառայություններ է մատուցել Վ. Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել: Չնայած դրան` Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարել է առանձնապես խոշոր չափի՝ 9.340.677 ՀՀ դրամ, որը Վ. Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է: