Կառավարությունը սահմանել է 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը։ Որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 22-ի նիստում։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում քաղաքացին կվճարի 20 միլիոն դրամ, իսկ 6 ամիս ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ։
«Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչ այդ այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ մեկ տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայության»,- զեկուցել է նախարարը։
Ըստ նրա՝ այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց կնախատեսվի 2,5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն։ Ըստ նրա՝ մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը կսահմանվի 15 միլիոն դրամ։
Ըստ Պապիկյանի՝ կրճատ ժամկետով ծառայության դեպքում 1 ամսվա համար սահմանվում է 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամկետը սահմանվում է 32 տարեկանը։ Այսպիսով՝ յուրաքանչյուր 16 տարին լրացած արական սեռի ներկայացուցչի նկատմամբ 15 միլիոն դրամի հանրային իրավական դրամական պարտավորություն կկիրառվի, որը կմարվի զինծառայության կամ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում պետբյուջե վճարման միջոցով, պարզաբանել է Պապիկյանը։
Փաթեթը կքննարկվի ԱԺ լիագումար նիստերում։
Մայիսի 3-ին հայտնել էինք, որ ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել էր, որ գնալու են ժամկետային զինծառայության ժամկետի նվազեցման ճանապարհով։