Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նախաձեռնությամբ առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ․ սա այն գումարն է, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները կարող են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից:
Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից: Միայն 2020-2024 թվականների ընթացքում 8721 ՀՀ անչափահաս հրաժարվել է քաղաքացիությունից:
Պատգամավորը նշել է, որ օրենքում փոփոխություններ կատարելու նպատակն է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը մեծացնելը, մեծ թվով արական սեռի քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը կանխելն ու մինչև 37 տարին լրանալը հետախուզման մեջ մնալը չեղարկելը:
Սարգսյանը 2023 թվականին նախաձեռնել էր զինվորական ծառայությունից ազատվելու համար ֆինանսական փոխհատուցման օրենսդրական նախագիծը, բարձրացրել վճարի շեմը, ինչն արդեն ուժի մեջ է մտել։