Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան առնչությամբ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նա տեղեկացրել է, որ քրվարույթը նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում):
Փետրվարի 17-ին պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ նույն օրը՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով։
2024 թվականի փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակում ոչ մարտական պայմաններում մահերի թվի մեջ ինքնասպանություններից, սպանություններից բացի առանձնացրել էր ՃՏՊ-ների, հիվանդության հետևանքով դեպքերը: Նա նշել էր, որ բանակը հասարակության մի մասն է և հանդիսանում է նրա հայելին, սովորական կյանքում սպանության ու ինքնասպանության դեպքերն իրենց արտացոլումն են ունենում բանակի վրա: Պապիկյանն ընդունել էր, որ ոչ մարտական պայմաններում մահերն ամենացավալի խնդիրն են, ՊՆ-ն պետք է լուծի այս հարցը: