Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով,հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից հավելել են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
2024թ․ փետրվարի 2-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակում ոչ մարտական պայմաններում մահերի թվի մեջ ինքնասպանություններից, սպանություններից բացի առանձնացրել էր ՃՏՊ-ների, հիվանդության հետևանքով դեպքերը: Նա նշել էր, որ բանակը հասարակության մի մասն է և հանդիսանում է նրա հայելին, սովորական կյանքում սպանության ու ինքնասպանության դեպքերն իրենց արտացոլումն են ունենում բանակի վրա: Պապիկյանն ընդունել էր, որ ոչ մարտական պայմաններում մահերն ամենացավալի խնդիրն են, ՊՆ-ն պետք է լուծի այս հարցը: