ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը, հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
«Վարժանքին ներգրավված ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի գործընկերները համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական միջամտությունների իրականացում, ինչպես նաև տարհանման կազմակերպում՝ բուժօգնության հաջորդ փուլ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զորավարժության նպատակներն են բարձրացնել հոսպիտալի անձնակազմի վարժվածության աստիճանը, կատարելագործել իրականին մոտ, բարդ պայմաններում աշխատանքների կազմակերպման մասնագիտական հմտությունները, ինչպես նաև առավելագույն չափով բարելավել բազմազգ միջավայրում բժշկական ապահովման փոխգործակցված կազմակերպման մակարդակը։
Հունվարի 15-ին ամփոփիչ ասուլիսում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Հայաստանը գոհ է ՀՀ ՊՆ-ի և ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի համագործակցությունից։ Նա համագործակցության տեմպը դրական էր համարել։