Նախաքննությամբ հերքվել է, որ ապրիլի 12-ին ՀՀ ԶՈւ 4 զինծառայողի կյանք խլած վթարը պայմանավորված է եղել կրակոցով, հայտնել է Քննչական կոմիտեն։
«Հաշվի առնելով առկա շահարկումները, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ նախաքննությամբ հերքվել է տվյալ միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը։ Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ զինծառայողի կողմից ավտոմեքենան վարելը եղել է իրավաչափ, ավտոմեքենայի շահագործումը տվյալ անձին վստահելու հետ կապված անհրաժեշտ ընթացակարգերը, առկա փաստական տվյալներով, ապահովված են եղել»,- նշել են ՔԿ-ում։
Տեղեկացրել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության և պահպանության համար պատասխանատուներ։
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր զինծառայողներ տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով 4 զոհի և 20 վիրավորի մասին։ Գերատեսչության տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։ Քննչական կոմիտեն վթարի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի առթիվ նախաձեռնել էր քրեական վարույթ։