Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ կալանավորել են երկու համածառայակցին, գործն ուղարկվել է դատարան, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Իրավապահները պարզել են, որ լինելով իր նկատմամբ համածառայակիցների վերաբերմունքից հոգեբանորեն ընկճված վիճակում` Կարապետյանը 2023թ. օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության ժամանակ դիրքի ավագ զինծառայողին ամրակցված «ԱԿ-103» տեսակի ինքնաձիգով կրակել է ինքն իր գլխին:
«Պարզվել է, որ նույն զորամասի պարտադիր ժամկետային երկու զինծառայողի և Կարապետյանի միջև, մարտական դիրքում ծառայություն կրելու ընթացքում, ձևավորվել են միջանձնային անառողջ հարաբերություններ: Զինծառայողն ինքնասպանությունը գործել էր համածառայակիցների կողմից իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման պատճառով»,- հայտնում են ՔԿ-ից:
Դեպքից անմիջապես հետո Կարապետյանին տեղափոխել էին հոսպիտալ, որտեղ նա հաջորդ օրը մահացել էր։ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամկետով) մեղադրանքներ են ներկայացվել նրա երկու համածառայակցին: Որպես խափանման միջոց՝ վերջիններիս նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
2023թ. օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանի մահվան մասին։ ՀՀ ՔԿ-ն հայտնել էր, որ վերջինիս ինքնասպանության դրդելու մեղադրանքով ձերբակալվել են նրա համածառայակիցները։