Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով գերեվարված է մոտ մեկ տասնյակ անձ։ Այս մասին «Լուրերին» տեղեկացրել է ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։
Նա նշել է, որ գերեվարված անձանց ճշգրիտ թվի վերաբերյալ հստակ տեղեկություններ այս պահին չկան: Ըստ Զեյնալյանի՝ ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութերի հիման վրա կարելի է ենթադրել, որ գերեվարված է մոտ մեկ տասնյակ անձ:
«Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի տեսանյութերի մասին է խոսքը: Ընդհանուր առմամբ՝ 10-ից ավել գերիների մասին է խոսքը: Բոլորի գործը որպես հրատապ միջոց կիրառելու մասին դիմում ՀՀ-ն է ներկայացրել Ադրբեջանի դեմ, անհատական գործերի մի մասով մեզ են դիմել ծնողները, մենք ենք նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվում»,- ասել է Արտակ Զեյնալյանը:
Ավելի վաղ «Հրապարակ»-ին տված հարցազրույցում իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը նշել էր, որ ներկա պահին խոսքը գնում է շուրջ երկու տասնյակ գերիների մասին։
Armenia Today-ը հետ զրույցում էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մամուլի խոսնակ Զառա Ամատունին հնարավոր գերիների թվի մասին դեռևս տվյալներ չհաղորդեց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀՀ կողմից հաստատված 105 զոհի մասին: