Առնվազն 9 մարդ է սպանվել Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում դատարանի շենքի վրա զինված հարձակման հետևանքով, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ վկայակոչելով իրանական պետական լրատվամիջոցները, զոհվածների թվում կան երեխա և 60-ամյա կին, ինչպես նաև երեք զինվոր և իրավապահ մարմինների աշխատակից: Բացի դրանից, զոհվել են հարձակվողներից երեքը։ Վիրավորվել է 22 մարդ։ Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է սուննի «Ջեյշ ալ Ադլ» խմբավորումը։
Խմբավորումը նաև հաստատել է իր երեք անդամի մահը նահանգի մայրաքաղաք Զահեդանում Իրանի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ: Սիստան և Բելուջիստան նահանգը սահմանակից է Աֆղանստանին և Պակիստանին։ Տարածաշրջանի բնակչության մեծ մասը բելուջներ են։