Թաիլանդի և Կամբոջայի միջև արդեն երրորդն օրն է շարունակվում են բախումները, որոնք տարածաշրջանում տարիների ընթացքում ամենամահաբերն են։ Զոհերի թիվն աճում է՝ չնայած անհապաղ հրադադարի կոչերին։ Հինգշաբթի օրը սահմանային վեճը վերածվել էր լուրջ մարտերի, որոնց մասնակցել են ինքնաթիռներ, հրետանի, տանկեր և ցամաքային զորքեր, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ է անցկացրել մարտական գործողությունների վերաբերյալ: Կամբոջայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 8 քաղաքացիական անձ և 5 զինվորական: Թաիլանդում զոհվել է 5 զինվոր: Երկու կողմերից էլ զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 28-ը, ինչն ավելի շատ է, քան 2008-2011 թվականների նախորդ խոշոր հակամարտության ժամանակ։
Մարտական գործողությունները Թաիլանդում ավելի քան 138 000 մարդու ստիպել են լքել սահմանամերձ շրջաններում գտնվող իրենց տները: Կամբոջայում ավելի քան 35 000 մարդ է տեղահանվել: Կամբոջան մեղադրել է թաիլանդական ուժերին Պուրսատ նահանգի վրա հինգ ծանր հրետանային արկ արձակելու մեջ: Հրդեհ է սկսվել տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ի սահմաններում։
ՄԱԿ-ում փակ նիստից հետո կազմակերպությունում Կամբոջայի դեսպան Չհեա Կեոն հայտարարել է. «Կամբոջան պահանջել է անհապաղ հրադադար՝ առանց որևէ նախապայմանի, և կոչ է անում հակամարտության խաղաղ լուծում»։
Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բանգկոկը բաց է երկխոսության համար: Մալայզիան, որը ներկայումս նախագահում է ԱՍԵԱՆ-ում, կարող է լինել հնարավոր միջնորդ: Սակայն Կամբոջան դեռևս չի արձագանքել առաջարկին: Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարն զգուշացրել է, որ հակամարտությունը կարող է վերաճել պատերազմի, եթե իրավիճակը վատթարանա: Երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում ագրեսիա սկսելու համար, ինչը դժվարացնում է փոխզիջման հասնելը։
Հուլիսի 24-ի առավոտյան Թաիլանդի և Կամբոջայի սահմանին երկու երկրների զորքերի միջև թեժ մարտեր էին սկսվել։