Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում կտրուկ քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներքին և արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ նրա մի շարք որոշումներ խարխլում են պետականության հիմքերը։
Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը պայմանավորված է ոչ թե իրավական, այլ քաղաքական պատճառներով։ Նրա կարծիքով՝ իշխանությունները ձգտում են հեռացնել պոտենցիալ մրցակիցներին և ազդեցիկ անձանց՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նա ընդգծել է, որ Կարապետյանը նախկինում քաղաքականությամբ չէր զբաղվում և չէր խոսում գործող ռեժիմի դեմ, բայց այժմ ճնշման տակ է, և նրա բիզնեսը ենթարկվում է լայնածավալ ստուգումների։
Հարցազրույցի հիմնական թեմաներից մեկը նաև նախկինում Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման քննարկումն էր։ Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունների հայտարարություններին հակառակ՝ դա չի հանգեցնի սակագների իջեցման, այլ, ընդհակառակը, կվատթարացնի իրավիճակը։ Նա կառավարությանը մեղադրել է մանիպուլյացիաների և իրական տնտեսական լուծումների բացակայության մեջ։
Աբրահամյանը ոչ պակաս կտրուկ է արտահայտվել Փաշինյանի կողմից իր կողմնակիցներին ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրում հավաքվելու կոչի վերաբերյալ իր մեկնաբանություններում։ Նա նման գործողությունները որակել է Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշում գործադրելու փորձ և ռազմավարական սխալ, որը կարող է հանգեցնել հասարակության վտանգավոր պառակտման։
Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային միջանցքի քննարկման համատեքստում Աբրահամյանը կտրականապես մերժել է այն արտաքին վերահսկողության տակ հանձնելու գաղափարը և ընդգծել, որ նման նախաձեռնությունները հակասում են հենց Հայաստանի շահերին։ ՌՀՄ ղեկավարի կարծիքով՝ վերահսկողությունը պետք է մնա հայկական կողմի մոտ՝ կա՛մ ինքնուրույն, կա՛մ Ռուսաստանի հետ գործընկերությամբ։
Վերջապես, Ռուսաստանի հայերի միության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ միությանն իրական այլընտրանք չունի՝ չնայած Արևմուտքի հետ մերձենալու փորձերին։ Նա նշել է, որ Հայաստանը պատմականորեն կա և մնում է Ռուսաստանին մոտ երկիր, և մտահոգություն է հայտնել քաղաքական կուրսի ընտրության մասով, որը, նրա խոսքով, կարող է «վերջնականապես ոչնչացնել պետականությունը»։
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմ Բարաքը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ մասնավոր ամերիկյան ընկերությունը կարող է ստանձնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար: Մասնավորապես, ԱՄՆ-ն կարող է 100 տարով վարձակալել Սյունիքի և Նախիջևանի միջև գտնվող 34 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը:
Հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին։ Նշենք, որ հիմնականում քննարկվում է ԱՄՆ-ի առաջարկը։