ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հաղթանակին միջազգային դատարանում: Կառավարությունը հայտարարության մեջ նշել է, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:
Կարապետյանի պաշտպանության խորհուրդն այսօր՝ հուլիսի 23-ին, հայտնել էր, որ նա և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ ընկերության պետականացման հարցով: «Տաշիր» ընկերությունների փոխնախագահ Նարեկ Կարապետյանի հաղորդմամբ՝ դատարանն արգելել է կառավարությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվներ, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ընկերության գործունեության լիցենզիաները և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը: Արտակարգ արբիտրաժի որոշումը ՀՀ կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։
Կառավարության ներկայացմամբ՝ ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, «միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը»:
«Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ՝ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»,- ասված է գործադիրի հայտարարության մեջ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մեկնաբանել է միջազգային արբիտրաժային դատարանի որոշումը։ Նա նշել է, որ իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում 2025 թվականի հուլիսի 22-ին ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը, քանի որ օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
Մեսրոպյանը նաև ընդգծել է, որ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում կարող է հետևել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովվելուց հետո։
Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր ընկերության պետականացմանը միտված օրենքները։ ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Վերջինս հուլիսի 21-ին ՀԷՑ ժամանակավոր կառավարչի կարգավիճակում ժամանել էր ընկերություն, հայտարարել, որ իր ժամանակավոր կառավարման տակ անցած ընկերությունում նախատեսվում են թոփ մենեջմենթում աուդիտ և կադրային հնարավոր փոփոխություններ։
Կարդացեք նաև՝
Սակագնի հետ կապված խնդիրներ, մեծ տույժեր․ Նարեկ Կարապետյանը՝ ՀԷՑ-ի պետականացման ռիսկերի մասին
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր