Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա, պարունակությունը թափվում է գետը, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով Scania մակնիշի բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։
Նշվում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ կա տուժած։ Կայքի տեղեկություններով՝ վարորդն Իրանի քաղաքացի է։
Կայքը հավելել է, որ փրկարարները փորձում են անհրաժեշտ գործողություններ իրականացնել և դադարեցնել մազութի արտահոսքը, սակայն աշխատանքները բավականին դժվար են, քանի որ ամեն պահի կա վտանգ, որ հնարավոր է դիզվառելիքով բարձված կցորդիչը հայտնվի գետում։