Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ, հայտնում են ՀՀ կառավարությունից
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի շարունակական կարևոր աջակցությունը և Մակրոնի անձնական ջանքերը՝ միտված Հարավային Կովկասում արդար ու տևական խաղաղության հաստատմանը։
«Պետական այցով այս տարի Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք, խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»,- ասված է Փաշինյանի ուղերձում։
Վարչապետն ընդգծել է, որ հայ ու ֆրանսիացի ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության վրա խարսխված Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական կապերն առանցքային նշանակություն են ունեցել երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման գործում:
Փաշինյանի ուղերձում ասվում է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունն այժմ ընդգրկում է այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխության դեմ պայքարը, կենսաբազմազանության պաշտպանությունն ու արհեստական բանականությունը։
«Այս համատեքստում ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ իր նպաստը բերելու համաշխարհային այս մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի առանձնահատուկ դերակատարությունն ազատության, հավասարության և եղբայրության համամարդկային վեհ արժեքների ամրագրման և խրախուսման գործում, վերահաստատելու մեր ընդհանուր հանձնառությունը դրանք դարձնելու իրականություն՝ ի բարօրություն մեր քաղաքացիների և պետությունների»,- նշվում է ուղերձում։
Մայիսի 16-ին Տիրանայում Փաշինյանը և Մակրոնը կարևորել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ուղղությամբ հետևողական քայլերը։