Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայիդ բին Սուլտան ալ-Նահյանի հետ քննարկել է Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
ԱՄԷ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան «ուշադիր հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին և կշարունակի աջակցել Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված ջանքերին»։
Փաշինյանը և Ալիևը բանակցություններ էին վարել հուլիսի 10-ին՝ Աբու Դաբիում: Բանակցությունները տևել էին ավելի քան հինգ ժամ։ Հայաստանի ԱԳՆ-ն հանդիպումը «հաջողված» էր անվանել և հայտարարել, որ այն կարող է լուրջ հիմք հանդիսանալ խաղաղ գործընթացի հետագա իրականացման համար: