«Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
ԿԳՄՍՆ-ից մանրամասնել են, որ Փարիզում հուլիսի 6-16-ը տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ:
Նախարարությունից նշել են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում 1995 թվականին ընդգրկվել են Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը և հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները, իսկ 2024 թվականին՝ Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը, հավելել են ԿԳՄՍՆ-ից։
Մայիսի 12-ին տեղի ունեցած աշխատաժողովին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Որոտանի կիրճը և Տաթևի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու հայտ է ներկայացնելու։