Ադրբեջանի իրավապահ մարմինները Բաքվում ընթացող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարության ժամանակ թույլ են տվել տասնյակից ավելի կոպիտ խախտումներ, հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
Նա թվարկել է 2023 թվականի սեպտեմբերից ապօրինի կալանավորված քաղբանտարկյալ Վարդանյանի նկատմամբ քննչական մարմինների և Ադրբեջանի դատարանի կողմից թույլ տրված օրենքի խախտումները։ Նրա խոսքով՝ խախտումները փաստում են, որ հայ բարերարի դեմ հարուցված վարույթն անօրինական է և անհիմն։ Նա միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։
Դատավարական կանոնների խախտում
Սահակյանը նշել է, որ երբ Վարդանյանը կալանավորվել է, նրան չեն բացատրել կալանավորման պատճառները, չեն տրամադրել իր իրավունքների մասին փաստաթուղթ, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Մեղադրանք առաջադրելուց հետո նրան նաև գրավոր ծանուցում չեն տվել իր իրավունքների մասին, հավելել է Սահակյանը։
Փաստաբանի խոսքով՝ նախաքննչական մարմնի պարտականությունն է նաև բացատրել նոր հոդվածներով առաջադրված մեղադրանքների բնույթը, ինչը նույնպես չի արվել։ 2024-ի դեկտեմբերի 5-ի որոշումը չեն հանձնել Վարդանյանին 48 ժամվա ընթացքում, ինչպես պահանջում է Ադրբեջանի օրենսդրությամբ: Որոշումը դատարանը տրամադրել է 2025-ի մարտի 7-ին՝ պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա:
Վարդանյանի բոլոր խնդրանքներն անտեսվել են քննչական մարմինների և դատարանի կողմից
Նրա խոսքով՝ դատարանը մերժել է բավարարել Վարդանյանի պաշտպանության 11 օրինական պահանջները, ինչն անհնար է դարձնում դատարանում լիարժեք պաշտպանվելը։ Փաստաբանը հստակեցրել է, որ խոսքը գործի նյութերին ծանոթանալու համար պայմաններ ապահովելու, փաստաթղթերի պատճենները տրամադրելու, դատավարական նյութերի պաշտոնական թարգմանությունն ապահովելու, դատական նիստերի բոլոր արձանագրություններին ծանոթանալու պահանջների մասին է։
Սահակյանն ընդգծել է նաև, որ չեն բավարարվել Վարդանյանի պահանջները՝ կապված մեղադրյալին էլեկտրոնային ռեսուրսների միջոցով Ադրբեջանի օրենսդրությանը, միջազգային իրավական նորմերին հասանելիություն ապահովելու, ինչպես նաև միջազգային փաստաբաններին դատարանում ներկա գտնվելու իրավունք տրամադրելու հետ։ Բաքուն, Սահակյանի փոխանցմամբ, հրաժարվել է մեղադրական եզրակացությունը տրամադրել Վարդանյանի ընտանիքի անդամներին՝ վերանայման համար։
Ի թիվս բազմաթիվ այլ խախտումների, որոնց կարող եք ծանոթանալ այս հղումով, փաստաբանն արձանագրել է, որ դատավարական վերը խախտումների ամբողջությունը միանշանակ ցույց է տալիս, որ Վարդանյանին չի տրամադրվել իրավասու, անկախ և անաչառ դատարանի առջև պաշտպանվելու արդար հնարավորություն։
«Նրան զրկել են գործի կարևոր նյութերին ծանոթանալու հնարավորությունից, դատավարական հիմնարար իրավունքներից և մեկուսացրել միջազգային դիտարկումից ու աջակցությունից։ Այս մոտեցումը կոպիտ ձևով խախտում է ինչպես Ադրբեջանի ներքին օրենսդրությունը, այնպես էլ արդար դատաքննության չափանիշները։ Այն խաթարում է արդարադատության գաղափարը և ցույց է տալիս, որ դատավարությունը քաղաքական շարժառիթով իրականացվող վարույթ է, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից»,- հավելել է փաստաբանը։
Հաշվի առնելով խախտումների ծավալը՝ Սահակյանը միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և համաշխարհային առաջնորդներին կոչ է արել անհապաղ ուշադրություն դարձնել գործին և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջոցով հասնել միջազգային պարտավորությունների կատարմանը։
«Կոչ ենք անում ճնշման միջոցով, մասնավորապես, ապահովել արդար դատաքննության իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և միջազգային համապատասխան այլ փաստաթղթերով»,- եզրափակել է փաստաբանը։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Սահակյանի տվյալներով՝ Ադրբեջանում գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան է ուղարկել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։