Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի Ղրղզստանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությանը:
Գերատեսչությունը չի բացառել, որ Հայաստանի ներկայացուցիչը հանդիպմանը կարող է միանալ տեսակապի միջոցով։ Հայաստանի ԱԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել նախարարի բացակայությունը։
Երևանը սառեցրել էր իր մասնակցությունը դաշինքին։ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, սակայն շուրջ 2 տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները։ Մարտին ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի ավարտը շարունակի նույն քաղաքականությունը, կազմակերպության անդամ երկրները «կարող են քննարկել տարբեր սցենարներ»։ Հունիսի 21-ին Պանկինն ընդգծել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է սթափ գնահատել անվտանգության ապահովման իր հնարավորությունները։