Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մինչև 25 տարեկան ռազմագերիներին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ռուս զինծառայողների առաջին խումբն Ուկրաինայից վերադարձել է հունիսի 9-ին և այժմ գտնվում է Բելառուսի տարածքում: Զուգահեռ՝ ռուսական կողմը նույն թվով ռազմագերիներ է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին։
Փոխանակված զինծառայողների ճշգրիտ թիվը երկու կողմից չի բացահայտվում։ Ուկրաինական կողմը դեռևս մեկնաբանություններ չի տվել այդ կապակցությամբ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել պարտավորությունները, այդ թվում՝ 6000 զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինների փոխանցումը:
Ռուսաստանն արդեն 1212 մարմին է փոխանցել փոխանակման վայր, հավելել է Պեսկովը։
Հունիսի 2-ին Ստամբուլի Չիրագան պալատում կայացել էր ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպման ընթացքում Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել էին միմյանց առաջարկած հուշագրերը՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, փոխանակվել փաստաթղթերով և պայմանավորվել գերիների փոխանակման վերաբերյալ: