Ռուսաստանը ձգտում է ընդլայնել ԵԱՏՄ-ն՝ ներառելով այն երկրները, որոնք մատակարարում են ամենամեծ թվով միգրանտներ, քանի որ «աշխատանքային միգրացիայի սահմանափակումների բացակայությունն» ստեղծում է տնտեսական աճի համար բարենպաստ պայմաններ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում։
«Ժողովրդագրական իրավիճակը, աշխատուժի պահանջարկը և դրա արժեքն այնպիսին են, որ անհրաժեշտ է ներգրավել աշխատանքային միգրանտներ տնտեսությունը զարգացնելու և գնաճը զսպելու համար»,- ընդգծել է Օվերչուկը։
Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ օրենքը «վերացնում է երկրների միջև աշխատուժի տեղաշարժի հետ կապված լարվածության մի մասը» և միգրանտների համար ապահովում է ընդունող երկրների քաղաքացիներին հավասար իրավունքներ:
Փոխվարչապետի խոսքով՝ «դա մեծապես բացատրում է, թե ինչու են ցանկանում ընդլայնել ԵԱՏՄ-ն այն երկրների հաշվին, որոնք ուղարկում են ամենամեծ թվով աշխատանքային միգրանտներ»։
Բելառուսը կնախագահի ԵԱՏՄ-ում 2025 թվականին և կհյուրընկալի Եվրասիական տնտեսական ֆորումը հունիսի 26-27-ը։