Խաղաղության պայմանագրի կնքումից 5 րոպե անց հայերն ու ադրբեջանցիներն սկսելու են իրար հետ առևտուր անել, կոմունիկացվել և շփվել,
հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հավելել է, որ մինչև համաձայնագրի ստորագրումը յուրաքանչյուր երկիր պետք է աշխատի իր քաղաքացիների հետ։
«Պետք է հասարակություններին պատրաստել։ Դուք այդ գործին չեք օգնելու (դիմել է լրագրողներին – խմբ․), տեսնում եմ, որ չեք ուզում օգնել։ Բայց ֆրանսիացիները և անգլիացիները, 100 տարի թշնամի լինելուց հետո, հիմա դաշնակից են և այլ երկրներ են ռմբակոծում իրենց ինքնաթիռներով։ Ես հավատում եմ, որ մենք շատ տարիներ իրար կողքի ապրել ենք, որ եթե կամք լինի իրենց կողմից, մենք կկարողանանք այնպես անել, որ մեր հասարակություններն ապրեն իրար հետ»,- ասել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նշել է, որ ադրբեջանցիների հետ առևտուր է տեղի ունեցել անգամ Արցախի շրջափակման ժամանակ։
«Անուններ չտամ՝ Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել, վերջացրեք։ Մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևուր չի լինելու, պատ ենք կառուցելու՝ իրար բարև չտանք»,- նշել է ԱԺ նախագահը։
Սիմոնյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 26-ին արված հայտարարություններին, որտեղ վերջինս ՀՀ-ի տարածքներն անվանել էր «Արևմտյան Ադրբեջան»։ Նա նշել է, որ «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ տարածքում գոյություն չի ունեցել և չի կարող ունենալ:
Միևնույն ժամամակ, Սիմոնյանի կարծիքով, Ալիևի հայտարարւթյունները «նորմալ» արձագանք են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, որտեղ արցախցիները պատրաստվում են նախագահ ընտրել։
«Նա հայելային պատասխան է տվել։ Դուք պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, իրենք էլ այդ ձևով են պատասխանում։ Իմ ասածն այն է, որ իրենց քայլերը հայելային արձագանք են։ Այդքան բան։ Ես չեմ ասում՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, ասում եմ՝ ինչու է դա անում։ Ալիևը որոշել է, որ եթե մենք ասում ենք Ղարաբաղ, ինքը պետք է ասի՝ Արևմտյան Ադրբեջան»,- շեշտել է Սիմոնյանը։
Արցախի ներկայացուցչությունում ապրիլի 21-ին ավելի քան երկու ժամ փակ քննարկում էր տեղի
ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, պետնախարարի և արցախցի ակտիվիստների մասնակցությամբ։ Քննարկման թեմաներից մեկն Արցախի նախագահի լիազորությունների երկարաձգումն էր։ Նոր Սահմանադրությամբ՝ նախագահին պետք է ընտրի Արցախի խորհրդարանը, քանի որ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ։ Մայիսի 21-ին մամուլը
գրել էր, որ գործող նախագահ Շահրամանյանը կարող է Արցախի նախագահի միակ թեկնածուն լինել։