Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանել է այն մեղադրանքներին, թե Ադրբեջանը 2020-2023 թվականներին Հայաստանի դեմ իր ագրեսիայի ժամանակ օգտագործել է ռուսական զենք։ Նրա խոսքով՝ Հայաստանը ռուսական զենք է օգտագործել նաև ղարաբաղյան նախորդ պատերազմներում՝ «յոթ շրջաններ գրավելու համար, որոնց նկատմամբ երբեք պաշտոնապես պահանջ չի ներկայացրել»։
«Մոզամբիկի դրոշի վրա, իրականում, Կալաշնիկովի ինքնաձիգ է պատկերված, սակայն դա չի նշանակում, որ ռուսական զենքն ամբողջ աշխարհում օգտագործվում է բոլորին հարմար սկզբունքներով»,- ասել է Լավրովը։
Դիվանագետը մեկնաբանել է, թե ինչու Ռուսաստանը 2022 թվականին ուղիղ միջամտությամբ չարձագանքեց Ջերմուկի վրա Ադրբեջանի հարձակմանը։ Լավրովը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ի արձագանքն անհապաղ էր. դեպքի վայր է ուղարկվել գլխավոր քարտուղարի գլխավորությամբ առաջխաղացման խումբ, որը պատրաստել է զեկույց՝ քննարկման և կայունացման միջոցառումների ընդունման համար։
«Զեկույցը քննարկվել է 2022 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում, և այդ ժամանակ էլ համաձայնեցվել է խաղաղության պայմանագրի տեքստը։ Սակայն խաղաղության համաձայնագրի տեքստը հայկական կողմն առաջարկեց հետաձգել, կոնսենսուսի հասնել չհաջողվեց»,- նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց՝ 2022-ի նոյեմբերին, հայտարարեցին ԵՄ առաքելության մասին, այնուհետև երկկողմ հայտարարվեց, որ «Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որտեղ ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս է»:
«Դա անսպասելի էր, որովհետև 2020 թվականի նոյեմբերին՝ ռազմական գործողությունների թեժ պահին, ՌԴ նախագահը, ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը գիշերն անձամբ խմբագրեցին հրադադարի մասին պայմանավորվածության տեքստը, որտեղ ԼՂՀ կարգավիճակի հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս, այսինքն՝ թողել էին հետագա համաձայնեցման։ Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- հավելել է Լավրովը։
2024 թվականի ապրիլին Լավրովը խոսել էր ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին զենք տրամադրելու մասին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հայտարարել էր, որ «2022 թվականին Երևանում կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ-ը համաձայնեցրել էր փաստաթուղթ՝ Հայաստանին լրացուցիչ զենք փոխանցելու, նրա սահմանները պաշտպանելու, հատուկ վարժանքներ անցկացնելու և հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպության առաքելություն տեղակայելու վերաբերյալ»։ Նա նշել էր, որ բոլոր նախարարները, այդ թվում՝ հայ նախարարը, ստորագրել էին այդ փաստաթուղթը։ «Եվ առավոտյան, բացելով գագաթնաժողովը, (Հայաստանի – խմբ.) վարչապետը հայտարարեց, որ կոնսենսուս չկա»,- պարզաբանել էր ռուսական դիվանագիտության ղեկավարը։