ԱՄՆ-ի նոր հետախուզական տվյալների համաձայն՝ Իսրայելը հավանաբար պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, CNN-ին հայտնել է ամերիկացի մի քանի պաշտոնյա:
Վերջին հետախուզական տվյալներին ծանոթ աղբյուրները նշել են, որ նման հարվածը կարող է առիթ հանդիսանալ Մերձավոր Արևելքում լայնածավալ տարածաշրջանային հակամարտության բռնկման: Պաշտոնյաները հավելել են, որ հստակ չէ՝ արդյոք Իսրայելի ղեկավարները վերջնական որոշում կայացրե՞լ են, թե՞ ոչ:
Անհանգստության պատճառ են դարձել ոչ միայն Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային ու ոչ հրապարակային հայտարարությունները՝ նման հարվածի հնարավորության մասին, այլև Նահանգների արձանագրած իսրայելական ռազմական հաղորդակցությունների ընդհատումները և ռազմական շարժերը, որոնք կարող են վկայել հարվածի պատրաստման մասին, ասել են մի քանի աղբյուրներ։
Ըստ այդ աղբյուրների՝ ԱՄՆ-ն նկատել է, մասնավորապես, ավիացիոն զինամթերքի տեղափոխումներ և օդային վարժանքների ավարտ:
2024 թվականի հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարձակում էր իրականացրել Իսրայելի վրա։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը պատասխան կստանա։ Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ ավիահարվածներ է արձակել Իրանի վրա երեք փուլով, թիրախավորվել էին հրթիռների արտադրության օբյեկտները: Թեհրանը հայտնել էր երկու զոհի մասին: