Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի աղտոտվածության նվազեցման չորսամյա ծրագիր։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում օդի աղտոտվածության վերաբերյալ կարծիքներն «առասպել» էր անվանել։
Մարտին ԱԺ-ում ելույթի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել էր, որ Երևանի օդի աղտոտման բարձր մակարդակի գնահատականներն ավելի շուտ տեղային խնդիրների արտացոլում են, քան ամբողջ քաղաքի օդի որակի։ Նրա խոսքով՝ իրավիճակն ավելի լայնամասշտաբ և միջինացված տվյալներով դիտարկելու դեպքում «ծայրահեղ խնդիր» չի նկատվի։
Մյուս կողմից՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը մայիսի 12-ին հաղորդել էր, որ Երևանի կենտրոնում մայիսի 11-ին ուժեղ քամու հետևանքով օդում փոշու կոնցենտրացիան 3,9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի նորման: Կենտրոնը 2024-ին նախազգուշացրել էր մայրաքաղաքի օդում փոշու պարունակության՝ սահմանային թույլատրելի նորմերը գերազանցելու մասին:
Armenia Today-ի նկարահանող խումբը երևանցիներից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են գնահատում Երևանի օդի որակը, նկատո՞ւմ են աղտոտվածություն և արդյոք նախկինո՞ւմ էլ են նկատել նման վիճակ:
Հարցվածների մեծամասնությունը դժգոհել է օդի որակից՝ նշելով, որ վերջին տարիներին են նկատում օդի աղտոտվածությունը, ինչը կապում են մեքենաների ավելացման և նորակառույց շենքերի շինարարությունների հետ, որոնց նորմերը, ըստ քաղաքացիների, չեն պահպանվում։
«Շատ վատ է, կեղտոտ, ղեկավարության նման կեղտոտ։ Սա նոր երևույթ է։ Պատճառը շինություններն են, ծակ են գտնում, որ մի հատ շենք սարքեն, փող աշխատեն, ժողովրդին գռփեն»,- ասել է քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ այս խնդրը պետք է լուծի ղեկավարությունը։
Մի կին էլ շեշտել է, որ օդի մեջ առկա փոշու պատճառով դժվարանում է շնչել․ «Խեղդվում ենք, 5-րդ հարկում եմ բնակվում, ամեն անգամ պատշգամբ լվանալիս ցեխ ու մուր է դուրս գալիս, օդ չկա շնչելու։ Հիմա քաղաքում շինարարությունն է շատ, ոչ մեկը շինարարական նորմերը չի պահպանում, մի փոքր քամի է լինում, ամբողջ օդն աղտոտվում է»։
Հարցման մասնակիցների մեջ կային քաղաքացիներ, որոնք նշել են՝ օդում աղտոտվածություն չեն նկատում, դժգոհություն չունեն։
«Վատ չի, եթե արդյունաբերությունը կանգնած է և չի աշխատում, ապա աղտոտվածությունը բացակայում է, սովորական փոշի կա ավելի շատ երեկոյան ժամերին։ Նախկինում ավելի ուժեղ էր արտահայտված, պատճառը՝ «Նաիրիտ» գործարանն էր»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում։