ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Սթիվ Ուիտկոֆը հայտնել է, որ ակտիվ բանակցություններ են ընթանում Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնման շուրջ, որը նպատակ ունի կարգավորել Իսրայելի և մի շարք այլ երկրների հարաբերությունները։ Breitbart News-ի փոխանցմամբ՝ հավանական մասնակիցների թվում նշվում են Հայաստանը և Ադրբեջանը։
«Մենք շատ մոտ ենք այս երկրների կոնֆլիկտների վերջնական կարգավորմանը»,- ասել է Ուիտկոֆը։
Նա հավելել է, որ այս երկու պետությունները ևս կարող են միանալ Աբրահամի համաձայնագրերին, որոնք Վաշինգտոնի միջնորդությամբ Իսրայելի և մի շարք արաբական պետությունների միջև 2020-2021-ին ստորագրված համաձայնագրերի շարք են։
«Սա հսկայական նախաձեռնություն է, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- շեշտել է Թրամփի խորհրդականը:
Ուիտկոֆի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությունը համաձայնագրերին կլինի դիվանագիտության ամրապնդման և Մերձավոր Արևելքում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման կարևոր քայլ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում հայտարարել էր, որ «ի հեճուկս բոլոր սադրանքների»՝ Երևանի և Բաքվի միջև պատերազմ չի լինելու: Նա հիշեցրել էր, որ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։
Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին, Երևանն ընդունել էր պայմանագրի երկու չհամաձայնեցված կետի վերաբերյալ առաջարկները՝ միմյանց դեմ միջազգային դատարաններում փոխադարձ հայցերից հրաժարվելու և երրորդ երկրների ներկայացուցիչների ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին չթույլատրելու մասին։
Հայաստանի ԱԳՆ-ն նույն օրը հաստատել էր այդ տեղեկատվությունը և հայտնել, որ պատրաստ է քննարկել փաստաթղթի ստորագրման ժամկետը և վայրը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարությունից հետո նշել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Երևանի նկատմամբ «մոտ է զրոյին»։ Նա ընդգծել էր, որ իրենց «փաստաթղթեր են պետք»։