ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանելով Վաշինգտոնի հետ բանակցությունները՝ հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ոչ թե «խոսափողի միջոցով» են բանակցում, այլ հանդիպում և փորձում են հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է հասնել շահերի հավասարակշռության, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Եվս մեկ անգամ շեշտեմ, որ նորմալ բանակցողները «խոսափողով» չեն բանակցում։ Նրանք հանդիպում են և քննարկում, լսում են միմյանց և փորձում են հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է հասնել շահերի հավասարակշռության։ Ահա թե ինչպես են ընթանում մեր շփումներն ամերիկացիների հետ»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնն սկսել են ավելի լավ հասկանալ միմյանց դիրքորոշումները շարունակական բանակցությունների, հանդիպումների և քննարկումների շնորհիվ։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շահագրգռված է գտնել նման հավասարակշռություն: Նրանք անկեղծորեն ցանկանում են ավելի լավ հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը: Մենք՝ ևս»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը մեկնարկել է ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։
Ապրիլի 10-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն Ստամբուլում բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել մշակել «ճանապարհային քարտեզ»՝ ամերիկյան իշխանությունների կողմից բռնագրավված վեց ռուսական դիվանագիտական օբյեկտները վերադարձնելու համար։ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Ստամբուլի բանակցությունները «կառուցողական» էին։ Ապրիլի 26-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է Կուրսկի շրջանը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու գործողությունների ավարտի մասին։