Ադրբեջանի բանտերում հայտնված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մնացել էր որպես կենդանի պատանդ՝ ապահովելով մեր խաղաղ բնակչության դուրսբերումը, ասել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ Ծիծեռնակաբերդում գտնվող Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
Նրա խոսքով՝ ինքն ամենավերջում է հեռացել՝ նրանց գերեվարվելուց հետո:
«Ես Արցախում էի, երբ Արցախի նախկին նախագահներին ձերբակալեցին: Ես տեսել եմ, ինչպես են նրանց տարել»,- նշել է նա:
Ըստ Շահրամանյանի՝ հնարավորություն չկար բանակցություններով հասնել նրան, որ նախկին նախագահները և մյուսները չգերեվարվեն:
«Այդ մասին այս պահին չեմ ուզում խոսել, հետագայում առիթ կունենանք, մանրամասն կանդրադառնանք, մենք թաքցնելու բան չունենք: Այս պահին կան գործընթացներ, որոնց չենք ուզում խոչընդոտել կամ վնասել մեր հայտարարություններով: Դրանով է պայմանավորված մեր զսպվածությունը»,- պարզաբանել է նախագահը։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան է ուղարկել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին սկսվել են Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին Armenia Today-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի իշխանությունները կտրուկ նվազեցրել են Բաքվում ապօրինաբար դատվող հայ գերիներին և Արցախի առաջնորդներին ազատ արձակելու ջանքերի մակարդակը։