Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերին և կոչ արել պահպանել նրանց հիշատակը։ Այս մասին նա գրել է X-ում:
«Մենք կշարունակենք գործել հանուն մարդկության, հանուն ճշմարտության և արդարության»,- ասվում է ուղերձում։
Մակրոնը հիշեցրել է, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվում է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ ապրիլի 23-ին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետարանի մոտ գտնվող «Մոնմարշ» հրապարակում տեղի է ունեցել պաշտոնական արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Միջոցառմանը ներկա էին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետ Ֆիլիպ Գուժոնը, Ֆրանսիայում Հայաստանի հյուպատոս Լիանա Ղուկասյանը, քաղաքային խորհրդի անդամներ, ինչպես նաև հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ծաղկեպսակներ են դրել զոհերի հիշատակին։
Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001 թվականին, իսկ ավելի ուշ օրենսդրություն ընդունել հանցագործությունը ժխտելու դեմ: Համապատասխան օրենքն ի սկզբանե հակասահմանադրական է ճանաչվել, սակայն, ի վերջո, ընդունվել է Սենատի մակարդակով։ Նախագիծն առաջին անգամ ներկայացվել է Ֆրանսիայի խորհրդարանին 2011 թվականի դեկտեմբերին և ուժի մեջ է մտել մեկ ամիս անց՝ 2012 թվականի հունվարին։
2012 թվականի հունվարի վերջին Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի 140 անդամ այս օրենքը հակասահմանադրական է անվանել։ Թուրքիայի կառավարությունը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականների այս դիրքորոշումը։ Արդյունքում՝ 2012 թվականի փետրվարին, Սահմանադրական խորհուրդը ճանաչել է, որ օրենքն իբր խախտում է խոսքի ազատությունը։
2012 թվականի հուլիսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հաստատել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք մշակելու իր մտադրությունը։ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Ֆրանսիայի Սենատը` խորհրդարանի վերին պալատը, վերջնականապես հաստատել էր մի օրինագիծ, որը նախատեսում է մինչև մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Ցեղասպանության հրապարակային ժխտման համար: