Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբաններ Արսեն Սարդարյանը, Անդրանիկ Մնացականյանը և Էդգար Այվազյանը մամուլի ասուլիս են հրավիրել, որտեղ Հարությունյանի վճռով հայտնել են անհամաձայնություն։
Ըստ Սարդարյանի՝ Ջուվարլու տեղանքում տեղակայված լինելու ժամանակ Հարությունյանը չի ասել, թե հակառակորդի դիվերսիոն խումբն իբրև թե «մերոնք են»։
Նրա խոսքով՝ Հարությունյանը պատմել է, որ կարող է ասած լինել, թե «միգուցե մերոնք են», իսկ իր խոսքն այնուհետև հաստատված են փոխանցել՝ դիրքերից փախուստային տրամադրությունները կասեցնելու համար։ Ըստ փաստաբանի՝ փախուստային և խուճապային տրամադրություններն այդ դիվիզիոնում առկա էին օրեր շարունակ։
«Հարությունյանն ասում է՝ «դրա նախօրեին, մի քանի օրվա ընթացքում մի քանի հրաման ունեմ դիվերսիոն խմբերի ներթափանցման մասին»։ Հարությունյանը հրաման ունի, որ դիվիզիոնները զինվեն խոշոր չափի ինքնապաշտպանական զինատեսակներով, որովհետև դիվիզիոնները խոցելի են և դիվերսիոն խմբերի թիրախում են»,- ասել է Սարդարյանը։
Փետրվարի 7-ին Սյունիքի մարզի դատարանի վճռով Հարությունյանը 5 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել։
2022 թվականի սեպտեմբերին Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տված անփութության համար, որը հանգեցրել էր ծանր հետևանքների՝ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստների և մի շարք մարտական դիրքեր հակառակորդին հանձնելուն։
2023թ. հունիսին ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է։ Իսկ 2025-ի հունվարի 25-ին Սյունիքի դատարանն Արցախի ՊԲ նախկին հրամանատարին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով):
Հարությունյանն Արցախի պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի փետրվարի 24-ին։ Հոկտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, ծանր վիրավորվել էր, և ՊԲ հրամանատարի պաշտոնում նրան փոխարինել էր Միքայել Արզումանյանը։