Թեհրանը մի շարք հարևան երկրների նախազգուշացրել է՝ Իրանին հարվածելու դեպքում ԱՄՆ-ին աջակցելը հետևանքներ կունենա, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Նրանց տվյալներով՝ Իրանը ծանուցագրեր է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին։ Ըստ աղբյուրի՝ Թեհրանից նշել են, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակմանը ցանկացած աջակցություն, այդ թվում՝ ամերիկյան զինվորականների կողմից նրանց օդային տարածքի օգտագործումը, թշնամական գործողություն կհամարվի և «լուրջ հետևանքներ կունենա»։
Աղբյուրը հավելել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին երկրի զինված ուժերը բերել է բարձր պատրաստվածության վիճակի: Միևնույն ժամանակ՝ պարբերականի աղբյուրները հայտնել են, որ թեև Իրանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուղիղ բանակցությունների պահանջը, Թեհրանը ցանկանում է շարունակել անուղղակի բանակցություններն Օմանի միջոցով:
«Անուղղակի բանակցությունները հնարավորություն են տալիս գնահատել Իրանի հետ քաղաքական կարգավորման հարցում Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ նման բանակցություններ կարող են շուտով սկսվել, եթե ԱՄՆ-ն աջակցի այդ առաջարկին։ Նշվում է, որ անուղղակի բանակցությունների առաջին փուլը կարող է նախատեսել Օմանի միջնորդների հանդիպումներ իրանական և ամերիկյան պատվիրակությունների հետ: Պարբերականի տվյալներով՝ Խամենեին լիազորել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիին կամ նրա տեղակալ Մաջիդ Թախթ-Ռավանչիին մասնակցել Օմանի բանակցություններին:
Գործակալության աղբյուրը կարծիք է հայտնել, որ հնարավոր գործարքի համաձայնեցման համար կա շուրջ երկու ամիս՝ նշելով մտավախություններ մասին, ըստ որոնց Իսրայելը կարող է ինքնուրույն հարված հասցնել Իրանին, եթե բանակցությունները ձգձգվեն:
Փետրվարին ԱՄՆ նախագահը հրամանագիր էր ստորագրել Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը վերականգնելու մասին։ Ավելի ուշ նա հայտարարել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդին՝ առաջարկելով քննարկել միջուկային ծրագիրը: Խամենեին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության, ինչպես նաև մերժել է Վաշինգտոնի հետ բանակցությունների հնարավորությունը: Մարտին Թեհրանը հայտնել էր, որ Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել է ուղիղ բանակցություններ վարել, սակայն հայտարարել է անուղղակի երկխոսության հնարավորության մասին: