ԱՄՆ Ազգային արխիվը հրապարակել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության գործի նախկինում դասակարգված նյութերը, փոխանցում է Korrespondent.net-ը.
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան հրամանագիր էր ստորագրել: Ազգային արխիվում կա 1123 փաստաթուղթ։
Նշվում է, որ բոլոր ձայնագրությունները կհրապարակվեն թվայնացմանը զուգընթաց: Դրանք հասանելի կլինեն ինչպես առցանց, այնպես էլ տպագիր կամ անալոգային միջոցներով՝ Մերիլենդ նահանգի ազգային արխիվի շենքում:
Որոշ փաստաթղթեր վերաբերում են դատական գաղտնիքի տակ պահվող կամ երդվյալ ատենակալների գաղտնիությունը պահպանելու համար գաղտնի պահվող տեղեկատվությանը:
Բացի այդ, գաղտնազերծվել են Ջոն Քենեդիի եղբոր՝ Ռոբերտ Քենեդիի սպանության և ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգի սպանության մասին փաստաթղթերը։
2025 թվականի հունվարին ԱՄՆ նախագահը հրամանագիր էր ստորագրել 1963 և 1968 թվականներին Ջոն և Ռոբերտ Քենեդիների սպանություններին, ինչպես նաև 1968 թվականին Քինգի սպանությանը վերաբերող փաստաթղթերի գաղտնազերծման մասին:
Նախագահ Քենեդիին սպանել են 1963-ին, իսկ նրա եղբորը՝ 1968-ին։ ԱՄՆ օրենքների համաձայն՝ Քենեդիի սպանության մասին տվյալներն ամբողջ ծավալով պետք է գաղտնազերծվեին մինչև 2017 թվականը։ Հատուկ ծառայությունների սպանության վերաբերյալ փաստաթղթերի մի մասը հրապարակվել էր 2021 թվականին։ Ամերիկյան հետախուզությանը լրացուցիչ ժամանակ էր տրվել գնահատելու համար, թե արդյոք մնացած տվյալների հրապարակումը կարո՞ղ է վնասել ԱՄՆ շահերին և միջազգային հարաբերություններին:
Թրամփը խոստացել էր, որ մարտի 18-ին կհրապարակվեն նախկին նախագահ Ջոն Քենեդիի սպանության գործով բոլոր ֆայլերը: