Ադրբեջանցիները քանդել են Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը և զինանոց կառուցել, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանին։
«Գերեզմանոցը տեղում է, երևում է, բայց իրենք շինություն են կառուցել, մնալու տեղ, կազարմա, էլի, անզեն աչքով տեսնում ես»,- Բաղդասարյանի խոսքերն է մեջբերում թերթը։
Ներքին հանդը 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մարտերից հետո երեք կողմից շրջապատվել էր ադրբեջանցիներով։ Գյուղի խմելու ջրի աղբյուրները, Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, գերեզմանատունը, արոտավայրերը, վարելահողերը գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, ինչը հանգեցրել է անասնապահության ոչնչացմանը։ Ընդհանուր առմամբ՝ Բաքուն վերահսկում է գյուղի 2700 հեկտար տարածքը, ևս 1000 հեկտարը գտնվում է վտանգավոր գոտում։
Ադրբեջանցի զինվորականները գյուղի անմիջական մերձակայքում հակահետևակային և հակատանկային ականներ էին տեղադրել, «Շիկահող» արգելոցում հազարավոր ծառեր հատել և գյուղացիներին զրկել խմելու ջրից։