Իրանի խորհրդարանն անվստահություն է հայտնել երկրի Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմմաթիին, հայտնել է ՏԱՍՍ-ը: Նիստին մասնակցած 273 խորհրդարանականներից 182-ը կողմ է քվեարկել նախարարին պաշտոնանկ անելուն։
Ի պաշտպանություն Հեմմաթիի՝ խորհրդարանի նիստում հանդես գալիս Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստովանել է, որ երկիրը կանգնած է տնտեսական խնդիրների առաջ, սակայն ասել է, որ ոչ ոք մեղավոր չէ, հաղորդել է IRNA-ն։
«Մի մարդ կարո՞ղ է ինքնուրույն որոշումներ կայացնել, տնտեսական միջոցառումներ իրականացնել, հետո բոլոր սխալների մեջ մեղադրենք նրան ու ասենք, որ եթե գնա, խնդիրները կլուծվեն»,- նախագահի խոսքը մեջբերել է գործակալությունը։
Նա ընդգծել է, որ մեղադրելը չի օգնի լուծել խնդիրները։ Խորհրդարանը Հեմմաթիի դեմ իմփիչմենթի գործընթացն սկսել էր փետրվարի 19-ին։
ՏԱՍՍ-ը նշել է, որ այս քայլի հիմնական պատճառը, ինչպես նշվում է, ազգային արժույթի շուկայական փոխարժեքի ռեկորդային անկումն է։ Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքը 1 դոլարի դիմաց 670 հազար իրանական ռիալ է, փետրվարի 19-ի դրությամբ շուկայական փոխարժեքը գերազանցել է 900 հազար ռիալը 1 դոլարի դիմաց։