Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը։
Ըստ հաղորդագրության՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար փակ է։
Ծառայության տեղեկությամբ՝ բեռնատարների համար փակ է Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը, իսկ Վարդենյաց լեռնանցքում բուք է, ճանապարհի այդ հատվածը դժվարանցանելի է և փակ բեռնատարների համար։
Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Արևշատ գյուղերի միջհամայնքային, Գորիս-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Նորավան-Տաթև ավտոճանապարհը՝ միակողմանի, նշված է հայտարարության մեջ։ Սյունիքի մարզի, Մ-3 ավտոճանապարհից Լեռնապար տանող, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ, Տաթև-Լծեն և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Ամասիայի, Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում բուք է, մանրամասնել է գերատեսչությունը։