Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը կառավարությունում քննարկելիս անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումների հետ կապված խնդիրներին: Նա կարևորել է այս ուղղությամբ նոր կարգավորումների միջոցով համալիր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:
Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և կառավարության այլ անդամների մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են նաև 2018թ. դատավորների գնահատման համակարգի վերանայումը: Վարչապետին զեկուցվել է, որ գնահատման արդյունքները որոշիչ դեր կունենան դատավորների տեղափոխման, առաջխաղացման, պարգևատրման դեպքերում, կսահմանվեն Վճռաբեկ դատարանի դատավորների և ԲԴԽ ոչ դատավոր անդամների թեկնածուների առաջադրման մրցութային ընթացակարգեր և այլն:
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնել են նաև, որ հանդիպմանը զեկուցվել է, որ Քրեաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակում ներդրվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը, սահմանվել է պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման և ծախսերի կազմակերպման միասնական կարգը: