Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Շրջակա միջավայրի նախարարության նախագծին, որով սիգ ձկնատեսակի բնօգտագործման վճարի դրույքաչափը կավելանա։
Հանձնաժողովի նիստում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է սիգի բնօգտագործման վճարի դրույքաչափը եռապատկելու անհրաժեշտության մասին։
«Սիգի օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափը կազմում է 65 դրամ, որը 2006 թվականից հետո չի վերանայվել: Նախագծով առաջարկվում է կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը 2 անգամ բարձրացնել և միայն սիգի համար՝ եռապատկել»,- ասել է նախարարը։
Սիմիդյանը հավելել է, որ ըստ ուսումնասիրությունների՝ Հայաստանում 1 կգ սիգի մանրածախ վաճառքի գինը կազմում է 1000 դրամ, իսկ սառեցված սիգն արտահանվում է մեկ կիլոգրամը շուրջ 1400 դրամով: Նախարարի խոսքով՝ բնօգտագործման վճարը միջինում կազմում է սիգի վաճառքի գնի ընդամենը 5,7%-ը: Հետևաբար, ըստ Սիմիդյանի, գործող բնօգտագործման վճարի ցածր դրույքաչափը չի նպաստում կենսապաշարների` մասնավորապես սիգի ողջամիտ օգտագործմանը: Նա իր խոսքում ընդգծել է նաև սիգի «սև շուկայի» առկայության մասին։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները համաձայն չէին նախարարի հիմնավորումների հետ։ Նրանց խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում ձկնորսների և տնտեսվարողների կողմից դժգոհություն է առաջանալու։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ղազարյանը շեշտել է, որ օրենքի ընդունման դեպքում 1 կգ սիգի շուկայական գինը 3 անգամ կթանկանա։
«Ժողովրդին հասանելի խոսքով, այսինքն, ասում եք՝ բնօգտագործման վճարը բարձրացնում ենք, որ քիչ ձուկ բռնեն, բայց իրարամերժ հայտարարություններ եք անում։ Ասում եք՝ նախագիծն ընդունենք, հետո ինչ խնդիր լինի՝ կկարգավորենք, բայց այդ մասին պետք էր մտածել մինչ օրենքի փոփոխությունն ԱԺ բերելը։ Մենք այս պայմաններում ինչպե՞ս տնտեսվարողներին, ձկնորսներին ու սպառողներին ասենք, որ 1 կգ սիգի բնօգտագործման վճարի դրույքաչափը 65 դրամից դառնալու է 200 դրամ»,- ասել է պատգամավորը։