«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում անթույլատրելի են համարել մինչև ընտրություններ սահմանադրական հանրաքվե անցկացնելը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի աղբյուրների՝ ՔՊ-ում կարծում են, որ Սահմանադրության փոփոխությունը մարդկանց մեծ մասն ընկալում է որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջ, հետևաբար՝ ռիսկային է համապետական ընտրությունների հետ նույն օրը սահմանադրական հանրաքվե անցկացնելը։
Լրատվականը հավելել է, որ հանրաքվեն կայացած է համարվում ընտրական իրավունք ունեցողների 50% +1-ի՝ կողմ քվեարկելու դեպքում, և նվազագույնը 650 հազար ձայնի շեմն ապահովելու համար պետք է մասնակցի 1 միլիոն 300 հազար ընտրող։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում փետրվարի 19-ին հայտարարել էր Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման համար համապետական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունվարի 25-ին հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ նոր Սահմանադրության տեքստ ունենալ։
2024 թվականի սեպտեմբերի 27-ին Փաշինյանը հայտնել էր ՀՀ սահմանադրությունը փոխելու հնարավորության մասին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Բաքուն նախկինում մի քանի անգամ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։