Եվրոպան Վաշինգտոնին առաջարկել է շուրջ 30 հազար զինվորական տեղակայել Ուկրաինայում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով ծրագրին ծանոթ արևմտյան պաշտոնյաների։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ մշակված առաջարկները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը։
Ըստ The Daily Telegraph-ի աղբյուրների՝ ՄԹ և Ֆրանսիայի առաջարկած ծրագրի համաձայն՝ արևմտյան զորքերը պետք է տեղակայվեն Ուկրաինայի խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Պոլտավայում, Դնեպրոպետրովսկում և Կրիվոյ Ռոգում, առանցքային նավահանգիստներում և երկրի համար կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում, այդ թվում՝ ատոմակայաններում՝ նվազագույնի հասցնելու Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների զինվորականների միջև անմիջական առճակատման վտանգը:
Կոնտինգենտը լայնորեն կօգտագործի մոնիթորինգի տեխնիկական սարքավորումները, ներառյալ՝ արբանյակները, անօդաչու թռչող սարքերը և հետախուզական ինքնաթիռները՝ վերահսկելու իրավիճակը շփման գծում, որտեղ, ըստ պլանի, կտեղակայվեն ուկրաինական զորքերը, ավելացնում է հրատարակությունը։
Ըստ թերթի աղբյուրներից մեկի՝ արևմտյան «խաղաղապահները» բավականաչափ ռազմական ռեսուրսներ կունենան օդային սպառնալիքները կանխելու և Ուկրաինայի երկնքում քաղաքացիական ավիացիայի թռիչքների վերսկսումն ապահովելու համար։ Սև ծովում պարեկային նավերից կպահանջվի վերահսկել հիմնական առևտրային ուղիների անվտանգությունը:
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 19-ին ԵՄ-ն հավանություն էր տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթին։