ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հանդուրժել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հռետորաբանության սրացումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցին։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմից «զարմանալի դիմադրություն և հռետորաբանության սրացում» կա՝ կապված օգնության տրամադրման դիմաց ուկրաինական օգտակար հանածոների օգտագործման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկած համաձայնագրի հետ։
«Կարծում ենք՝ ամերիկացի հարկատուներն արժանի են հետ ստանալու իրենց ներդրումների մեծ մասը: Եվ սա հնարավորություն է Ուկրաինայի համար, նրանք պետք է գիտակցեն, թե իրականում ինչի մասին է խոսքը: Բայց դրա փոխարեն ստանում ենք աճող հռետորաբանություն և հակահարվածներ, որոնք նախագահ Թրամփը չի հանդուրժի»,- ասել է նա:
Թրամփի օգնականը նշել է, որ Ուկրաինայի ղեկավարության հայտարարությունները Վաշինգտոնում հիասթափություն են առաջացնում։ Ուկրաինական օգտակար հանածոների օգտագործումը, նրա խոսքով, Միացյալ Նահանգներին թույլ կտա «ներդրումներ անել ուկրաինական ենթակառուցվածքներում» և օգնել Կիևին զարգացնել իր ռեսուրսները:
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։