Իրավապահները կալանքի և տնային կալանքի են ենթարկել ՀՀ-ից Եվրոպա ապօրինի միգրացիա կազմակերպած երկու անձի, հայտնել է ԱԱԾ-ն։
Ըստ հրապարակման՝ պարզվել է, որ Երևանում գործող տուրիստական գործակալություններից մեկի սեփականատեր և տնօրեն Ա.Դ-ն 3300 եվրոյի դիմաց կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, կազմակերպել են Տավուշի մարզի բնակչուհի Ս.Թ-ի անօրինական միգրացիան:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Ապօրինի միգրացիայի կազմակերպումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով) և 457-րդ հոդվածի 2-րդ մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։