Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ 63 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի նախագիծը։
Քվեարկությունից առաջ «Հայաստան» խմբակցությոան ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։ «Քաղաքացիական խմբակցության» ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու, սակայն մինչ քվեարկությունը 20 րոպե ընդմիջում էր խնդրել։
Օհանյանը շեշտել է, որ Հայաստանի կողմից աշխարհաքաղաքական կտրուկ վերադասավորումները աղետալի հետևանքներ և վտանգներ կարող են ունենալ։ Նա ընդգծել է, որ նախագիծը զուրկ է իրավական հիմքերից և առնվազն կարող էր ԱԺ հայտարարություն կամ ուղերձ լինել։
«Սա չի կարող օրենք համարվել, քանի որ ցանկացած օրենք առնվազն մեկ վարքագծի կանոն պետք է սահմանի, մինչդեռ այս օրինագիծը վարքագծի կանոն չի նախատեսում։ Երկրորդ՝ Եվրամիությանն անդամակցելու հարցի լուծումը պահանջում է հանրաքվե, որի նախաձեռնողը, համաձայն Սահմանադրության, կառավարությունն է»,- հայտնելով խմբակցության դիրքորոշումը՝ ասել է Օհանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ի կողմից ԵՄ-ին առաջարկած օրակարգը չի համապատասխանում Եվրամիության կողմից սահմանված ընթացակարգերին։
«Այսպես՝ Հայաստանի Հանրապետության կողմից չկա ընթացակարգային դիմում, իսկ եվրոպական կողմից անդամակցության թեկնածուի կարգավիճակի հարցի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկի բացառիկ մանդատ ունեցող կառույցը՝ Եվրոպական խորհուրդը, այդ մասով որևէ քաղաքական դիրքորոշում չի հայտնել։ Նման գործելակերպը միայն կարող է խաթարել Հայաստանի և ԵՄ հարաբերությունների զարգացմանը՝ գործընթացը շեղելով 2017 թվականին ստորագրված Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (CEPA)։ ՀՀ-ն ներկայումս հեռու է ԵՄ անդամակցության նույնիսկ թեկնածուի կարգավիճակի համար պահանջվող կոպենհագենյան չափանիշների պահանջներից»,- հավելել է Օհանյանը։
Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում ՀՀ-ն տեսանելի ապագայում չի կարող ԵՄ անդամ դառնալ։
«Ստեղծված իրավիճակում Հայաստանի կողմից աշխարհաքաղաքական կտրուկ վերադասավորումները հղի են աղետալի հետևանքներով, մինչդեռ ՀՀ-ի և ԵՄ-ի հարաբերությունները պետք է բնականոն զարգացում ունենան»,- նկատել է նա։
Իշխանությունը չի համաձայնել ընդդիմադիրների հիմնավորումների հետ։ Կոնջորյանը շեշտել է, որ պետք է դադարել հավատալ «մեկ քայլանի փրկության երազներին»։ Նա ընդդիմությանը մեղադրել է «քաղաքագիտական, աշխարհաքաղաքական բայղուշության» մեջ։
«Առհասարակ քաղաքականության մեջ փրկության գաղափար չկա։ Բայց այն, ինչ անում է խորհրդարանական ընդդիմությունը, իրենց հայտնի՝ «Կիկոսի մահի» բանաձևով է։ Դուք «Կիկոսի մահի» սինդրոմով փորձում եք բացատրել Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքականությունը։ Նաև այս օրենքի նախագծի տրամաբանության մեջ եք քաղաքագիտական, աշխարհաքաղաքական բայղուշության տեսլական կառուցում։ Ըստ այդ տրամաբանության՝ ասում եք՝ եթե մեր ժողովրդին մենք հանկարծ մի քիչ աջ, մի քիչ ձախ կամ այս կողմ, այն կողմ տանենք, եթե ինքնուրույն քաղաքականություն վարենք, մեզ կպատժեն»,- ասել է Կոնջորյանը։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը փետրվարի 11-ին հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը՝ ընդգծելով, որ «նախագիծը իրավական առումով անհեթեթ փաստաթուղթ է»։
ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։
Նախագծի հեղինակը «Ժողովրդավարական ուժերի հարթակ» քաղաքացիական նախաձեռնությունն է, որի անդամները նախագիծն ԱԺ ներկայացնելու համար շուրջ 60 հազար ստորագրություն էին հավաքել։
Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։
2024-ի փետրվարի 29-ին Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։ Նախորդ տարվա մարտին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը քննարկելու առաջարկին։ 2024-ի մայիսի 14-ին Փաշինյանը Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է այս տարի Հայաստանը տեսնել որպես ԵՄ անդամ։