Իրավապահները բերման են ենթարկել 48-ամյա տղամարդուն, որը հետապնդման ժամանակ կրակել էր ոստիկանների վրա, հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Ըստ նրա՝ ձերբակալվածը կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ։
Մահափորձը տեղի էր ունեցել փետրվարի 9-ին՝ Նոր Գյուղ համայնքում, որտեղ կասկածյալը հարձակվել էր Բյուրակն գյուղի 36-ամյա բնակչի վրա, էլեկտրական սղոցով հարվածել նրա գլխին, ապա կացնով խփել։ Դրանից հետո նա ատրճանակից կրակել էր վիրավորին օգնության հասած «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վրա, որը վարել էր Բերքաբերի 40-ամյա բնակիչը։ Տղամարդը հրազենային վնասվածք էր ստացել։ Երկու վիրավոր տեղափոխվել էին Աբովյանի բժշկական կենտրոն։
Սարգսյանը նշել է, որ ոստիկանները ժամանել էին կասկածյալի բնակության վայր՝ նրան բերման ենթարկելու նպատակով։ Տեսնելով ոստիկաններին՝ տղամարդը մեքենայով փախուստի էր դիմել։ Երևանյան խճուղում՝ Քանաքեռավան գյուղի գազալցակայանի մոտ, հետապնդման ժամանակ կանգնեցրել էր մեքենան և 2 կրակոց արձակել քրեական ոստիկանների ուղղությամբ։ Կրակոցներից մեկը դիպել էր ոստիկանական ծառայողական մեքենային։
Երբ կասկածյալը նորից սկսել էր կրակել, ոստիկանության աշխատակիցը «Մակարով» տեսակի ատրճանակից երկու նախազգուշական կրակոց էր արձակել օդ, ապա կրակել մեքենայի անվադողի ուղղությամբ։
Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել էր «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված վիճակում։ Փամփշտատուփի մեջ առկա էր ևս 1 փամփուշտ, իսկ գրպանում՝ 3,15 գրամ դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։