Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին։
Գերատեսչությունը հայտնում է նաև, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։
ՆԳՆ-ի տեղեկություններով՝ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Նորաշեն «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Հրազդանի տարածաշրջանում, Գավառ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։