Արցախցիների համար նախատեսված սոցիալական հատկացումներն առաջիկայում փոփոխություններ են կրելու` կրճատվելու տեսքով, ինչը մարդկանց մոտ բավականին մեծ անհանգստություններ է ստեղծել, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ պետությունը չի կարող անվերջ սոցիալական մեծ ներարկումներ անել, սակայն արցախցիների տապալված բնակարանային ծրագիրն ու ժամկետային առումով անբավարար սոցիալական հատկացումները մեծ խնդիրներ են առաջացնելու:
«Կառավարությունը պարտավոր է այս փուլում ևս կարիքների վերագնահատում անել և վերանայել իր «տապոռային» մոտեցումը ու դեռ որոշակի ժամանակահատված շարունակելու սոցիալական աջակցության ծրագրերը»,- գրել է Աբրահամյանը:
Հակառակ դեպքում, պատգամավորի կարծիքով, առաջիկա գարնանն ստեղծված իրավիճակը շատերին կստիպի մտածել արտագնա աշխատանքի և սեփական հայրենիքից հեռանալու մասին:
2024-ի մայիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր արցախցիներին աջակցելու կառավարության նոր ծրագրի մասին։ 2024թ․ մարտի 5-ին ԱՍՀ մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ կառավարության առաջիկա նիստերին կքննարկվի արցախցիներին տրամադրվող աջակցության նոր ծրագիրը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը 2024թ․ փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ քննարկում են բնակարանային ապահովման ծրագիր, որով 3 մլն դրամ կհատկացվի յուրաքանչյուր արցախցու, ով ՀՀ քաղաքացիություն կընդունի։
Հունվարի 15-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել էր, որ քննարկման է դրված Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովության լավարկված տարբերակը։