Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Ադրբեջանի իշխանությունների հետ շփումների ու տեղեկատվության փոխանակման կարիք ունի, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը։
«Իմ կարծիքով՝ ձեր կազմակերպությունը, լինելով չեզոք և անկախ միջնորդ, պահպանելով նաև գաղտնիություն, Ադրբեջանի իշխանությունների հետ շփումների ու տեղեկատվության փոխանակման կարիք ունի»,- պարզաբանել է Բաքոյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ակնկալում են, որ ԿԽՄԿ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ գերիների ու պահվող այլ անձանց անվտանգությունն ապահովելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ԿԽՄԿ կողմից իրականացվող պարբերական այցելություններին, մեր հայրենակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատավարություններին ու մարդասիրական բնույթի այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Armenia Today-ին հայտնել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են 2024 թվականի դեկտեմբերին Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին։ Նա պարզաբանել էր, որ բանտարկյալներին հնարավորություն է տրվել կապի տարբեր միջոցների միջոցով կապ հաստատել իրենց հարազատների հետ։
Բաքուն հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Արցախում 44-օրյա պատերազմից հետո 32 քաղաքացու հարկադիր անհետացման մասին տեղեկություններ կան, որոնք Ադրբեջանը հերքում է։
Դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Այս գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանին Բաքվի բանտում ցմահ ազատազրկում է սպառնում:
Հունվարի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները «բոլոր հասու միջոցներով փորձում են լուծել» գերիների խնդիրը։ Նա նաև նշել էր, որ Բաքուն արգելված հոգեներգործուն միջոցներով ցուցմունքներ է կորզում հայ գերիներից, որպեսզի օգտագործի ՀՀ-ի դեմ։