ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը Հայաստանի և Ադրբեջանի միջև «տարածքների փոխանակման» շուրջ 1990-ականների վերջին բանակցությունների մասին։
Հունվարի 30-ին «Ազատություն»-ը, վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերը, հայտնել էր, որ 1999 թվականի վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։
Այս տարբերակի շրջանակներում Ադրբեջանին պետք է փոխանցվեր նաև Արցախի 7 շրջան։ Միաժամանակ հայկական կողմը ձգտում էր երաշխավորել Իրանի հետ առևտրային հարաբերությունները Բաքվի և Անկարայի հետ բանակցությունների շրջանակներում։
Ըստ հրապարակման՝ «1999-ի ապրիլին նախագահ Ալիևը Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը առաջարկել է տարածքների փոխանակում։ Նախագահ Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է, և երկու նախագահները մտել են քննարկումների ակտիվ փուլ՝ Ալիևի առաջարկների հիման վրա»։
Նշվում է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Քոչարյանին «անհրաժեշտ էր ժամանակ տալ՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո իր շուրջը աջակցություն կոնսոլիդացնելու և խիզախ որոշումներ կայացնելու համար»՝ ավելի ու ավելի հաճախ նշելով Հայաստանում ներքին անկայունությունը և Իրանի հետ կապերը պահպանելու անհրաժեշտությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ 2001 թվականին Քի Ուեսթի բանակցություններում քննարկվել է նախնական առաջարկի փոփոխված տարբերակը, որով Ադրբեջանը Նախիջևանին կապվելու համար ոչ թե Մեղրին, այլ՝ «ինքնիշխան միջանցքներ» պետք է ստանար։
Լևոն Քոչարյանը գրել է, որ Հեյդար Ալիևը համաձայն էր, որ Արցախը միանար Հայաստանին Մեղրիի հետ փոխանակման դիմաց, իսկ հայկական կողմը չի համաձայնվել Մեղրին Արցախով փոխանակելուն։
«Հայկական փայլուն դիվանագիտության արդյունքում բանակցային սեղանին հայտնվել է կարգավորման առաջարկ, որով Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ (էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով»,- նշել է պատգամավորը։
Նա մանրամասնել է, ըստ բանակցությունների Արցախը դառնալու էր միջազգայնորեն ճանաչված Հայաստանի մաս, Լաչինի միջանցքով հանդերձ։ Սակայն, ըստ նրա, չնայած նախնական համաձայնությանը, Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է այս տարբերակից։
Պատգամավորը պնդել է, որ այսօր՝ Արցախի կորստից հետո, Փաշինյանը բանակցում է Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու շուրջ, դիմացը չստանալով ոչինչ։
«Առնվազն տարօրինակ և անազնիվ է, երբ գաղտնազերծում են որոշ պաշտոնյաների ընկալումները բանակցային սկզբնական փուլից, բայց չի գաղտնազերծվում բուն փաստաթուղթը, որն առաջացել է այդ բանակցությունների արդյունքում և որում հստակ ֆիքսված է, որ Մեղրին չէր փոխանակվելու: Եզրակացությունները յուրաքանչյուրի համար պետք է որ ակնհայտ լինեն»,- հավելել է նա: